Սոցիալական ապահովության պետական ծառայության նախին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 աշխատակիցների դեմ հարուցված գործով դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ փետրվարի 27-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում բավարարեց դատախազ Հովհաննես Ենոքյանի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Նիստի  սկզբում  դատավոր Մակյանը  հայտարարեց, որ ինքը եւ Վազգեն Խաչիկյանը մտերիմ ընկերներ են, եւ դա կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:

«Մենք միասին սովորել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ավարտելուց հետո էլ մտերիմ ընկերներ ենք եղել: Երբեւիցե իմ համակուրսեցին իմ գործով չի անցել, ամբաստանյալի աթոռին չի նստել, խնդիրը դա է»,- ասաց դատավորը:

Գործով դատախազ Հովհաննես Ենոքյանը նշեց, որ դա ինքնաբացարկի հիմք է, որից հետո դատարանը հեռացավ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Պաշտպաններ Արա Զաքարյանը եւ Վարդան Գրիգորյանը դատարանին հայտնեցին, որ իրենք ցանկանում են միջնորդություն ներկայացնել իրենց պաշտպանների խափանման միջոցը կալանքը փոխելու վերաբերյալ: Դատավոր Մեսրոպ Մակյանը չընդունեց միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն չի կարող այն քննարկվել, քանի դեռ իր ինքնաբացարկի վերաբերյալ որոշում չի կայացվել:

Գործով նոր դատավոր կնշանակվի։

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: