Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի թաղամասերից մեկում արդեն 20 տարի է, ինչ խմելու ջուր չկա, եւ գյուղացիները ջուրը դույլերով են հասցնում տներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ին ասաց Ակունք գյուղի բնակիչ Մյասնիկ Պատվականյանը, որը կառավարության մոտ էր եկել իր խնդիրը բարձրաձայնելու։
«Գյուղապետը բռնում ա, գրություններ ուղարկում կառավարություն, տարածքային կառավարման նախարարություն, որ Ակունք գյուղի բոլոր բնակիչներն ապահովված են ջրով, բայց մենք խմելու ջուր չունենք։ Տրուբաներ են հատկացրել, որ բնակիչներին ջրով ապահովեն, բայց դրանք ծախել, կերել են, եւ մեր թաղի բնակիչներին ջրով չեն ապահովել»,- ասաց Մյասնիկ Պատվականյանը՝ նշելով, որ այդ պատճառով էլ տարբեր տեղեր դիմելիս իրենց խնդրին ընթացք չեն տալիս։
Ակունք գյուղի բնակչի խոսքով՝ մեղավորը իրենց գյուղապետ, ՀՀԿ-ական Արծրուն Ղարիբյանն է. «Էդ հանցագործ Արծրուն Ղարիբյանին չեն պատժում, ամբողջ ջուրը գնում է շրջկենտրոն՝ Բասարգեչար, որտեղ իրանց կարտոշկաները խմելու ջրով են ջրում»։
Մյասնիկ Պատվականյանի խոսքով՝ խմելաջրի հարցով իրենք դիմել են գյուղապետին, մարզպետին, վարչապետին եւ նախագահին, բայց ոչ մի տեղից միջոց ներ չեն ձեռնարկում խնդիրը լուծելու համար։
«Մեր գրած դիմումները քաղաքացիների դիմումների բաժնում թաքցնում են, չեն ներկայացնում վարչապետին, հանրապետության նախագահին։ Հանրապետության նախագահը, վարչապետը, տարածքային կառավարման նախարարը, որ մի հանցագործ գյուղապետի վրա չկարողանան, էլ ի՞նչ արդարությունից կարող ենք խոսել»,- ասաց Մյասնիկ Պատվականյանը։
Ակունք գյուղի բնակչի խոսքով՝ գյուղապետը համագործակցել է նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի հետ. «Էն խուժան նախկին մարզպետը Բարգավաճ կուսակցության անդամ էր, բռնեցին, նրա հանդեպ քրեական գործ հարուցեցին, որ չարաշահումներ է արել, բայց պատասխանատվության չենթարկեցին, պահեցին, թաքցրեցին, որովհետեւ Բարգավաճ կուսակցությունից էր»։
Ակունքի բնակիչը պատմեց, որ դիմել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, սակայն նա նույնպես չի արձագանքել։
NEWS.am-ի հետ զրույցում Ակունք գյուղի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ գյուղի բնակչության 99%-ը ապահովված է խմելու ջրով, իսկ Մյասնիկ Պատվականյանը «հոգեկան հավասարակշռության հետ կապված խնդիրներ ունի» եւ այդ գյուղում այլեւս չի բնակվում։











