Փետրվարի 26-ին լույս 27-ի գիշերը Գյումրիում դանակի հարվածներից մահացած 28-ամյա Լիանա Մանուկյանի սպանության պատճառը խանդն է եղել: NEWS.am-ի՝ ավելի վաղ հայտնած նախնական այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը: Նրա խոսքով, ամուսինը՝ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանը կնոջը սպանել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում Լիանա Մանուկյանի շփումների պատճառով։
«Այս գործում էլ տվյալներ կան, որ մահացածը համացանցի միջոցով շփումներ է ունեցել»,- նշեց պարոն Շիրոյանը:
Սպանված կնոջ հարեւան Աշոտ Այվազյանը մեզ հետ զրույցում, ասաց, որ մահացածի ընտանիքը համերաշխ է եղել. «Ոչ կռիվ է եղել, ոչ ձայն էս մարդկանց ընտանիքում: Նորմալ ընտանիք էր, ինչքան որ ես գիտեմ: Աղջիկս եկավ, ասաց, որ ձայներ են գալիս, երեւի ծնունդ էր: Եկանք, տեսանք ստեղ երկու ավտո կա: Զարմացել ենք: Էդ մարդկանց ձեները էսքան ժամանակ չենք լսել»։
Հիշեցնենք, որ Լիանա Մանուկյանը մահացել էր փետրվարի 26-ին լույս 27-ի գիշերը Գյումրիում դանակի հարվածներից ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Դեպքից րոպեներ անց Լիանա Մանուկյանի ամուսինը՝ Գրիգոր Գրիգորյանը, մեղայականով ներկայացել էր Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ կատարվում է նախաքննություն: Ամուսիններն ունեին 6-ամյա որդի, որն այժմ գտնվում է հարազատների մոտ:











