Ոստիկանությունում չեն ճանաչում այն անձանց, որոնք օգոստոսի 25-ին քաղաքացիական հագուստով այցելել են քաղաքացիական ակտիվիստ Մաքս Սարգսյանին եւ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ՝ նրան տարել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաքս Սարգսյանը, որի նկատմամբ ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արձանագրություն է կազմել՝ Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Իրեն տնից ոստիկանություն ուղեկցած ոստիկանների ինքնությունը պարզելու, հետագայում նրանց որպես վկաներ գործում ներգրավելու համար Մաքս Սարգսյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նրանց լուսանկարներով հարցում է ուղարկել ոստիկանություն, որտեղից պատասխանել են, որ տեղյակ չեն, թե այդ մարդիկ ովքեր են:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում հրաժարվեցին պատասխանել NEWS.am-ի հարցին, թե ինչպես է հնարավոր, որ քաղաքացուն ոստիկանության բաժին ուղեկցած լինեն մարդիկ, որոնք ոստիկանության աշխատակիցներ չեն. «Դա դատարանի գործն է։ Թող դատարանը պարզի գործի քննության ժամանակ»։
Ոստիկանների լուսանկարները, ինչպես տեղեկացրեց Մաքս Սարգսյանը, իրենք կտրել են այն տեսաձայնագրությունից, որն ինքն արել է, երբ ոստիկաններն իրենց տանն են եղել: Նա պատմեց, որ այդ օրը ոստիկանության աշխատակիցները, իրենց տուն են եկել առանց ծանուցագրի և ստիպել, որ ինքն իրենց հետ գնա բաժին:
«Մեր տուն եկան երեք անձ, ներկայացան որպես ոստիկանության աշխատակիցներ: Երկուսը վկայական ցույց տվեցին: Երրորդին էլ ներկայացրին որպես իրենց ընկեր: Թե էդ ընկերոջը ինչի համար էին բերել իմ տուն, չհասկացա: Համառ տոնով ինձ համոզում էին, որ ներկայանամ բաժին: Սպառնում էին, որ եթե չգնամ, ուժով բերման կենթարկեն: Ես հրաժարվում էի առանց ծանուցագրի գնալ բաժին ու պահանջում էի, որ ներկայացնեն այն: Մոտ 40 րոպե պահանջելուց հետո իրենք զանգեցին բաժին, էնտեղից ևս մեկը եկավ ու ծանուցագիր բերեց իր հետ: Այդ պահին ինձ ստիպեցին ստորագրել ու գնալ իրենց հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մաքս Սարգսյանը՝ նշելով, որ ոստիկաններ ներկայացած մարդիկ իրեն ուղեկցել են Արաբկիրի բաժին, ու իր մոտ կասկած չի առաջացել, որ հնարավոր է, նրանք ոստիկանության աշխատակիցներ չեն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձագանագրություն է կազմվել 182-րդ հոդվածի հատկանիշներով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը): Ըստ արձանագրության՝ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքին միացած Մաքս Սարգսյանը չի կատարել տեղում իրենց աշխատանքը կատարող ոստիկանների օրինական պահանջը, այնինչ Մաքս Սարգսյանի պնդմամբ որեւէ ոստիկան իրեն որեւէ օրինական պահանջ չի ներկայացրել:
Գործն այժմ գտնվում է դատական փուլում: Նախնական դատական նիստին, Մաքս Սարգսյանի խոսքով, ոստիկանության ներկայացուցիչները նույնպես չեն կարողացել ասել, թե ինչ օրինական պահանջի չի ենթարկվել ինքը:











