«Չենք վճարելու առողջապահական ծառայությունների դիմաց» նախաձեռնությունը եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի  մի քանի  ակտիվիստներ այսօր` փետրվարի 28-ին, Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին ընդդեմ հղիության ախտաբանության համավճարի առողջապահության նախարարության որոշմանը, թեեւ նախարարությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որ որոշումը չեղյալ է հայտարարվել:

Ակցիայի մասնակիցները նախարարության մոտ հավաքվել էին «Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից», «Հերիք եղավ», «Չենք վճարի հիմա, չենք վճարի երբեք» գրությամբ պաստառներով։

«Մենք վստահ ենք, որ այդ որոշումը հակասահամանադրական է իր էությամբ: Մի երկրում, որտեղ բնակչության 50 տոկոսն ապրում է աղքատության, որոնցից 30 տոկոսը` ծայրահեղ աղքատության պայմաններում, նման որոշումներ առհասարակ չպետք է կայացվեն»,- ասաց որպես քաղաքացիական ակտիվիստ ներկայացած Էլվիրա Մելիքսեթյանը ու հավելեց, որ իրենք նպատակահարմար են գտել, այնուամենայնիվ, անցկացնել բողոքի ակցիան, որպեսզի համոզվեն, որ կառավարությունը հղիության ախտաբանության համավճարի կիրառման որոշմանը հետագայում էլ չի վերադառնա։

Ակտիվիստներից մի քանիսին ընդունեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, որը նշեց, որ նախարարության կողմից նման որոշում քննարկելու պատճառը ստվերի դեմ պայքարն է եղել.«Մենք համավճարի միջոցով պայքարում ենք ստվերայնության դեմ: Սա ոչ թե հղի կնոջն է վերաբերվում, այլ` գումարներին: Հղիները, որոնք պառկում են մի քանի օր, որոշ ստվերային գումարներ են վճարում: Մենք ընդամենը փորձել ենք լեգալացնել, այդ մուծվող գումարները պաշտոնական սարքել: Վճարել տալ ոչ թե բուժհաստատության աշխատակցին, այլ` բուժհաստատությանը»:

Նշենք, որ հանդիպման վերջում ակտիվիստները հայտարարեցին, որ բավարարված չեն Վահան Պողոսյանի պատասխաններով եւ ընդգծեցին, որ հետագայում որոշումը ուժի մեջ մտնելու դեպքում այն լուրջ վնաս կհասցնի Հայաստանի դեմոգրաֆիական իրավիճակին:

Հիշեցնենք, որ հղիության ախտաբանության համավճարների կիրառման մասին առողջապահության նախարարության նախնական որոշումը, ըստ որի, հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ, հանրության մեջ բողոքի ալիք էր բարձրացրել,  եւ որոշման մասին հայտարարելուց ժամեր անց այն չեղյալ էր հայտարարվել: