«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարի հետևանքով այսօր` փետրվարի 28-ին, արդեն մոտ երկու ժամ Նուբարաշենի խճուղով հոսող ջուրը լցվել է զորամաս, բնակելի տարածքներ, դժվարանցանելի է դարձրել մայրուղին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենաները դժվարությամբ են անցնում ճանապարհով, որոշները մնում են ճանապարհին կանգնած:
«Երևան ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ վթարը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմանում: «Ջրատար խողովակները երկար տարիների հնության են, բայց վթարը կապված է հիմնականում տարածքի սողացող հողերի հետ: Ձորերի մեջ, այդպիսի կիրճերում եղանակային այսպիսի պայմաններում վթարների հավանականությունը մեծանում է: Մեծ ճնշման արդյունքում ջրատարի որոշ մասերի տեխնիկական մաշվածության հետևանքով խողովակները եռակցման տեղից առանձնանում են»,-ասաց Մուրադ Սարգսյանը` նշելով, որ վթարի պատճառով Էրեբունի, Շենգավիթ,Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը դադարեցված է մասնակի, իսկ Նուբարաշենինը`ամբողջությամբ: Նրա խոսքով՝ մինչև վաղն առավոտյան վթարը կվերականգնվի: Վթարի վայրում կատարվում են վերականգնողական աշխատանքներ:











