Երեւանի քաղաքապատ Տարոն Մարգարյանին վիրավորել է, որ ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարներից մեկը նրան լրագրողների մոտ «Տարոն»-ով է դիմել:
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, ուժեղ կարկուտի ներքո, բողոքի ակցիա են իրականացնում թիվ 33 թաղամասի բնակիչները, որոնք պահանջում են լուծել իրեն բնակարանների խնդիրը:
Նրանք մոտեցան ՀՀԿ շենքին մոտեցող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հարցրին, թե ինչ է լինելու շենքի հարցը, հաշվի առնելով, որ իրենց ասում են, որ շինարարություն է ընթանում, բայց իրականում 4 բանվոր է աշխատում:
Ցուցարարներից տիկին Թամարան քաղաքապետին դիմեց «Տարոն»-ով, ինչից վերջինս վիրավորվեց: Նա առանձին կանչեց կնոջը եւ ասաց, թե «ինչու ես ինձ լրագրողների մոտ «Տարոն» ասում»:
Ցուցարարների մյուս մասը գտնվում է ՀՀԿ շենքի մյուս մասում, որտեղ սպասում էին երկրի նախագահին եւ վարչապետին:
Այդ պահին նրանց է մոտեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ասել, որ չհեռանան շենքից, ինքը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կխոսի իրենց հետ: Դա բնակիչներին չհանդարտեցրեց եւ նրանք մոտենալով ՀՀԿ գրասենյակին, փորձեցին ներս մտնել:
Ցուցարարները վանկարկում էին «Նախագահ, նախագահ», «Աստծուց վախեցիր դուրս արի», «Եթե մեր հարցը չլուծվի մտնելու ենք կուսակցության գրասենյակ ու այնտեղ բնակվենք»:
Կանանցից մեկը հիստերիկ բղավոցով ու լացով փորձում էր մտնել կուսակցության գրասենյակ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Նշենք, որ դրսում ուժեղ կարկուտ է տեղում, սակայն բողոքի ակցիայի ոչ մի մասնակից չի հեռանում:
Հիշեցնենք, որ 7 տարի առաջ Երեւանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի շուկայի տարածք) քանդել են բնակելի տները եւ բնակիչներին խոստացել նույն տեղում շենքեր կառուցել ու իրենց բնակարաններ հատկացնել, սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել: «Գլենդել Հիլզ» ընկերությունը չի վճարում նաեւ բնակիչների բնակվարձերը, որոնք նրանք ստիպված են վճարել ապրելով վարձով բնակարաններում:











