ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ իրավիճակը գնալով լարվում է: Շենքի մոտ հավաքված թիվ 33 թաղամասին բնակիչ կանայք տեսելով, որ իշխող կուսակցության գրասենյակի շենքի մուտքից մեքենաներ են դուրս գալիս, արագ վազեցին փողոց, փորձելով փակել այն եւ թույլ չտալ, որ մեքենաներն անցնեն:

Ոստիկանները միջամտեցին եւ կանանց քաշքշելով, կիսագրկած տարան դիմացի մայթ: Կանայք դիմադրում էին եւ բղավում: Այս պահին ոստիկանները փորձում են կանանց հանգստացնել:

ՀՀԿ գործադիր մարմին նիստն արդեն ավարտվել է, որին մասնակցել են նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հիմա կանայք սպասում են նախագահի շարասյանը: Տեսնելով նախագահի շարասյունը նրանք սկսեցին բղավել «Կանգնիր, կանգնիր»:

Գրասենյակի մուտքի մոտ մնացած մի խումբ կանանց ոստիկանները թույլ չեն տալիս անցնել դիմացի մայթ, որտեղ եւս ցուցարարներ կան:

Հիշեցնենք, որ 7 տարի առաջ Երեւանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի շուկայի տարածք) քանդել են բնակելի տները եւ բնակիչներին խոստացել նույն տեղում շենքեր կառուցել ու իրենց բնակարաններ հատկացնել, սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել: «Գլենդել Հիլզ» ընկերությունը չի վճարում նաեւ բնակիչների բնակվարձերը, որոնք նրանք ստիպված են վճարել ապրելով վարձով բնակարաններում: