Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը 200-300 համագյուղացիների հետ այսօր` փետրվարի 28-ին, բանվորներին թույլ չտվեցին սկսել ՀՀ Մշակույթի նախարարության կողմից Գառնու հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը:
«Ես որպես Գառնեցի դեմ եմ սրճարանի կառուցմանը: Եթե ուզում են, տաճարի պարիսպներից դուրս տարածք կտամ, ինչքան ուզում են՝ թող սրճարան կառուցեն, զբոսաջրջիկներին ընդունեն, ճանապարհեն»,-NEWS.am-ին ասաց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը:
Նրա խոսքով` դեռ աշնանն են սրճարանի հիմքը գցել, ինքն էլ խնդրել է, որ չշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չլինի հնագիտական եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ, եւ որ տաճարի տարածքում կառուցվի ոչ թե սրճարան, այլ թանգարան:
«Գարնանը սկսեցին ֆունդամենտի վրա քարերը կոտրել, տեղափոխել, շինանյութը բերել ու կառուցել, երկրորդ անգամ ենք արգելում, դիմել ենք ոստիկանություն, ասել են՝ եթե այսօր չգանք, վաղը կգանք` ճշտելու, թե ինչ է կատարվում»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով` շինարարական աշխատանքներ իրականացնողները դուրս են բերել քարեր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, եւ դրանով պատ են շարում:
«Եթե սրճարան կառուցելու գումար կա, ավելի լավ է այդ գումարը օգտագործեն բաղնիքի սալիկները վերանորոգելու համար, ոչ թե 21-րդ դարի սրճարան կառուցեն 5000 տարվա պատմություն ունեցող տաճարի շրջակայքում»,- դժգոհեց գյուղապետը:
Սրճարանի կառուցումը չթույլատրելու համար Գառնիում էին նաեւ հայ հեթանոսները՝ «Արորդաց ուխտի» քրմերը:
«Մեր սրբարան տաճարում սրբապղծություն է տեղի ունենում, եւ մենք առաջին եւ վերջին անգամ զգուշացնում ենք, որ այստեղ շինարարություն չի կարող իրականացվել, որովհետեւ ամբողջ տարածքը իրենից 5000 տարվա պատմության հնագիտական շերտ է ներկայացնում»,- ասաց «Արորդաց ուխտի» քուրմ Վարուժան Աղաջանյանը, որը առաջարկեց սրճարանի փոխարեն կառուցել թանգարան:
Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿԸ սրճարանի կառուցումը հիմնավորում է նրանով, որ ստացված եկամտով վերանորոգելու են դեպի տաճար տանող ճանապարհը։
«Այնինչ թանգարանը մի քանի անգամ ավելի շատ եկամուտ կտա, քան սրճարանը»,- նկատեց քուրմ Վարուժանը։
Վարուժան Աղաջանյանը ասաց, որ իրենք հեթանոսներով պայքարելու են մինչեւ վերջ բողոքների, ցույցերի, նստացույցերի եւ բոլոր հնարավոր միջոցներով:
Գառնու գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանի կարծիքով` սրճարանի կառուցումը վանդալիզմ է. «Պղծում են, ոչ միայն տաճարը, այլ ամբողջ տարածքը,սակայն մենք դա թույլ չենք տա, որովհետեւ մենք ենք տերը մեր հողի: Որկրամոլները իրենց փորը կշտացնելու համար թող պարսպից դուրս կառուցեն սրճարանը»:
Նշենք, որ գյուղապետի, գյուղացիների եւ լրատվամիջոցների գնալուց հետո շինարարները վերսկսեցին շինարարական աշխատանքները: Գյուղացիները վաղը նույնպես գնալու են տաճարի տարածք՝ խոչընդոտելու շինարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է այս տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը 2013թ. նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է և կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է և դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ:











