Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի «Յութուբի» պաշտոնական էջում տեղադրվել է փետրվարի 28-ին Հայաստան պաշտոնական այցի շրջանակում Էջմիածնում բնակվող իր վաղեմի ըկերոջը`Ռոբերտ Աբրահամյանին Վրաստանի նախագահի այցելության տեսագրությունը:
Մարգվելաշվիլիին Ռոբերտ Աբրահամյանի տան բակում նրա ընտանիքի անդամներն ու հարեւանները դիմավորել են ծափահարություններով։
Տուն մտնելով` Վրաստանի նախագահը գրկել եւ համբուրել է Ռոբերտ Աբրահամյանի կնոջը եւ ռուսերեն նկատել. «Հրաշալի տեսք ունես»:
Ռոբերտ Աբրահամյանը, որը մասնագիտությամբ երաժիշտ է, պատմել է, որ վրացի ժողովրդի, նրանց լեզվի եւ երգ-երաժշտության հանդեպ իր սերը գալիս է թերեւս նրանից, որ ինքը ծնվել է Կախեթիում:
Նա պատմել է, որ 2012թ. երբ այցելել է Մարգվելաշվիլիի տուն, զարմացել է, երբ տնեցիներն ասել են, որ Մարգելաշվիլին տանը գրեթե չի լինում, քանի որ մինչեւ այդ պահը նա տեղյակ չի եղել, որ իր վաղեմի ընկերը քաղաքական գործիչ է:
Վերադառնալուց հետո 2 ամիս անց Ռոբերտի կինը Մարգվելաշվիլիին տեսել է լրատվամիջոցներով ու զարմացել. «Լսիր, սա մեր Գեորգին չէ՞»:
Մարգվելաշվիլին այդ ժամանակ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարն էր:
Ռոբերտ Աբրահամյանը Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում փորձ էր անում, երբ կինը` Հասմիկը, զանգել ու ասել է, որ Վրաստանի նախագահը գալիս է Հայաստան եւ այդ ընթացքում այցելելու է իրենց:
Ռոբերտն այնպես է հուզվել, որ ներկաները կարծել են, թե կընկնի եւ նույնիսկ ջուր են առաջարկել, հարցրել են, թե ինչ է պատահել, ինչին Ռոբերտը պատասխանել է. «Այնպիսի բան, որ երազում էլ չես տեսնի»:
Վրացական ու հայկական լրատվամիջոցների ներկայությամբ Վրաստանի նախագահն ու Ռոբերտ Աբրահամյանը զրուցել են, հիշել են միասին անցկացրած ուրախ պահերը եւ նվերներ փոխանակել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Մարգվելաշվիլին եւ Ռոբերտ Աբրահամյանը ծանոթացել են 1987թ., երբ Մարգվելաշվիլին ծառայում էր Էջմիածնի զորամասում: Փողոցում պատահաբար հանդիպած անծանոթը վրացի զինծառայողին հյուրընկալել է իր տանը, ինչն էլ նրանց ընկերության սկիզբն է դարձել:











