Ղրիմիթաթարների համայնքի ղեկավարը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւը վստահեցնում է, որ իրենց Մեջլիսը, որն աջակցում է Կիեւին, երբեք բանակցությունների չի գնա Ղրիմի նոր իշխանությունների հետ: Ավելին, նրա խոսքով, Ղրիմի թաթարները արդեն սկսել են ինքնապաշտպանության կամավորական ջոկատներ ստեղծել, որոնց, հնարավոր է, զենք կտրվի:
«Մեջլիսը պայքարելու է, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի ուժային դիմադրություն ցույց տալ զավթիչներին: Հիմա Ղրիմի թաթարների ջոկատներ են ձեւավորվում, որոնք պատրաստ կլինեն ակտիվ պայքարի: Այդ ջոկատները կզինվեն, եթե պետական կազմավորման կարգավիճակ ստանան: Հնարավոր է տարբերակ, որ այդ ջոկատները ենթարկվեն որեւէ ուժային գերատեսչության: Այդ դեպքում նրանք զենք կստանան: Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»,-ասել է Ջեմիլեւը ЛІГАБізнесІнформ-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ղրիմի թաթարները կազմակերպված ձեւով հանդես են գալիս Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից եւ ընդդեմ թերակղզու ռուսամետ ուժերի: Փետրվարի 26-ին մոտ 10 հազար թաթարներ շրջափակել էին Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը՝ պահանջելով հանրապետությունը թողնել Ուկրաինայի կազմում:











