Փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցավ  արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Գրողի վերջին գրքի ազդօրինակը լույս էր տեսել դեռեւս նրա մահվից մեկ շաբաթ առաջ:

«Մհերի դռան գիրքը» վեպը հրատարակվել է պետական աջակցությամբ: Հրատարակիչ   «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ցանկացած հրատարակչության համար մեծ պատիվ պիտի լիներ նման մեծության գրողի գործ հրատարակելը։

«Սա այն գիրքն է, որ պետք է ամեն հայ ընտանիքում լինի, որովհետեւ այն օգնում է մեզ վերադառնալ ինքներս մեզ»,- Խեչոյանի վերջին գրքի հասարակական նշանակության մասին ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Վեպի խմբագիր Հակոբ Մովսեսի կարծիքով՝ այս վեպի հրատարակման գաղափարը թեթեւացրեց Խեչոյանի վերջին օրերի ապրումները. «Նրա ընկերները մինչեւ վերջին պահը, ինչպես Լեւոնը կասեր` մոմի պես կանգնած էին նրա կողքին»:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանից փորձեցինք կարծիք հարցնել մեծանուն գրողի վերջին վեպի գեղարվեստական արժեքի մասին, պատասխանը ցնցող էր. պարզվեց՝ Գրողների միության նախագահը ծանոթ չի գրքի բովանդակությանը։

«Ես պիտի կարդամ գիրքը, նոր … առիթ չի եղել կարդալու,  պիտի կարդալ, խորանալ, մտածել, ապրել, զգալ… մի խոսքով»,- ասաց Միլիտոնյանը։

«Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրողի գրչակից ընկերները, մեծ թվով երկրպագուներ:

Շնորհանդեսը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնտեղ, որտեղ վերջին հրաժեշտն էին տվել գրողին:

Նվարդ Մանվելյան