Մարտի 1-ին «Նախախորհրդարանի» անդամները Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 6 տարի առաջ տեղի էին ունեցել ողբերգական դեպքերը (ֆոտոռեպորտաժ)։ 

Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ իրենք չեն մասնակցելու ժամը 15։00-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, որովհետեւ դրա իմաստը չեն տեսնում։

«Միավորում պետք է տեղի ունենա գործող սիստեմից դուրս։ Ոչ հեռու ապագայում բոլորս կհամոզվենք, ինչպես է սիստեմից դուրս ձեւավորված դաշտը մեր երկրին տեր կանգնում։  Որոշել ենք այսօր ոչ մի ցուցադրական բան չանել, ուղղակի չէինք կարող չգալ մեր հարգանքի տուրքը չմատուցել։ Նախախորհրդարանը կարծում է, որ մարտի 1-ի զոհերի իմաստավորման խնդիր կա։  Հերթական փոփոխության գնալիս շատերն ասում են՝ արյուն է հեղվելու։ Ես ասում եմ՝ մենք արդեն արյուն թափել ենք, բայց այդ զոհերի արյունը չենք կարողացել իմաստավորել»,- ասաց Սեֆիլյանը։

Մյասնիկյանի արձանի մոտ են նաեւ Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, լրագրող Գայանե Առուստամյանը, «Դուրս արի փողոց» նախաձեռնության անդամներ, որոնք Մյասնիկյանի արձանի մոտից Գրիգոր Լուսավորիչ -Պարոնյան- Պռոշյան երթուղով քայլելու են մինչեւ Բաղրամյան 26։

Ավելի վաղ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էին դրել «Հայազն» կուսակցության անդամները։

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին քվեարկության արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչեւ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am