Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 1-ին, 15։00-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից մեկուկես ժամ առաջ արդեն հավաքվել է մոտ 100 քաղաքացի։ Հավաքվածները եռագույնը փակցրելեն  Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակի բոլոր կողմերում մեծ թվով ոստիկաններ են հավաքված, արդեն այնտեղ են նաեւ շտապօգնության մեքենաները, կան նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Առավոտից քաղաքի տարբեր հատվածներում կարելի էր տեսնել մեծ թվով ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ։

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին քվեարկության արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։