Սարյանի պուրակում մարտի 1-ին, ժամը 13։00-ից հավաքվել են ազատամարտիկները, որոնք իրենց հետ բերել են «Նվնվալը հիմա տես», «Մարտի 1-ի պատասխանը ստացող ենք» գրությամբ պաստառներ։ Ազատամարտիկները մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ միանալու են ժամը 15։00-ին ՀԱԿ-ի հանրահավաքին։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 200 ազատամարտիկները ծաղիկներ դրեցին Սարյանի արձանին, շնորհավորեցին Մարտիրոս Սարյանի ծնունդը, ապա սկսեցին ելույթները։
«Վեց տարի առաջ տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, եւ դրանից հետո Հայաստանը կործանման է գնում, մենք պիտի հավաքվենք կռվող տղերքով, էս երկրի համար արյուն թափած տղերքով, տեսնենք ուր ենք գնում: Մենք այսպես ապրելու իրավունք չունենք, Եռաբլուր գնալու իրավունք նույնիսկ չունենք: Մեր տղաները դրա համար չեն զոհվել, որ հրեղեն ձիու վրա նստած որոշ ավազակներ ասպատակեն երկիրը։ Ցավում եմ, որ եւս մեկ անգամ հավաքվելու խնդիր կա, բայց նայում եմ ազատամարտիկների հայացքին, եւ կեցվածքը չի փոխվել: Երբեք չէի մտածի, որ մեզ տրոհելու խնդիր կդրվի՝ բաժանելու ճամբարների»,-իր ելույթում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
«Ինդիկատոր է դրվելու, որպեսզի ճշտենք՝ ով ինչ անցյալ է ունեցել»,- ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։
Ազատամարտիկներին միացել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











