ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի միանա Մարտի 1-ին, ժամը 15։00-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին։

«Դա հանրահավաք չէ, դա լեւոնահավաք է: Հանրահավաքն այն է, երբ ժողովուրդն է հավաքվում, իսկ այսօր այնտեղ հավաքվելու են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Մարտի 1-ը նախանշվում է նրանով, որ իշխանությունը ամեն կերպ պահելու համար սեփական ժողովրդի դեմ ուժ է կիրառվել: Իսկ որոշ քաղաքական ուժեր փորձում են շահարկելով Մարտի 1-ը՝ դիվիդենտներ հավաքել»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ԱԻՄ-ականները նամակ-դիմում ենք հանձնու նախագահին՝ Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու ու պատժելու պահանջով։

«Կամ պիտի բացահայտես, կամ դու էլ ես մեղսակից, հետո ինչ, որ այդ ժամանակ նախագահ չես եղել, հետո ինչ, որ Ռոբերտ Քոչարյանը քո մտերիմ ընկերն է եղել»,- ասել է Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին քվեարկության արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։