Ցանկանալով կանխել անցանկալի զարգացումները՝ առաջարկում եմ համազգային մոբիլիզացիա հայտարարել՝ համաժողովրդական խաղաղ ապստամբություն իրականացնելու նպատակով: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքին ասաց Ազատամարտիկների ռազմադաշտային ընդլայնված խորհրդից Խաչիկ Ավետիսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա նշեց, որ «դա ոչ հեղաշրջում է, ոչ էլ ներքին քաղաքացիական պատերազմ, եւ իրենց կոչը տեղավորվում է սահմանադրական մի միջազգային նորմերի մեջ»: «Դիմում ենք բոլոր ուժերին միանալ եւ թոթափել քրեական մտածողությամբ առանորդվող իշխանությունների լուծը: Դիմում ենք ուժային կառույցներում ծառայող ազատամարտիկներին»,- իր ելույթում ասաց Խաչիկ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարելիցպարունակում է որոշակի խորհուրդ, առավել եւս դա վերաբերում է ողբերգական իրադարձություններին: «Զգալով իրենց անպատժելիությունը՝ դահիճները նոր զոհեր են փնտրում: Ոչ պետությունը, ոչ հասարակությունը, ոչ էլ կուսակցությունը դասեր չքաղեցին: Այս պայմաններում ժողովուրդը դիմելու է տարերային ընդզումների՝ չսպասելով ընտրությունների»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը միայն իրավական խնդիր չէ, դա բոլորիս արժանապատվության խնդիրն է: «Կամ մենք հասնում ենք, նրան, որ բացահայտվում են մեղավորները եւ պատժվում, կամ մենք ազգ չենք: Երբ էլ լինի, այս հանցագործությունները պետք է բացահայտվեն: Նույնը վերաբերում է հոկտեմբերի 27-ի դեպքին, նաեւ 2004-ի ապրիլյան դեպքերին»,-նշեց նա:
Պատգամավորն ասաց նաեւ, որ ճանապարհները փակել են, բայց իրենց շարժման դեմն առնել չի լինի, «գալիս են շրջաններից, եւ հրապարակը ծով է դառնալու»:
Նշենք, որ այսօր՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը՝ նվիրված 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերին: Հանրահավաքին ելույթ կունենա նաեւ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











