Երկրի հիմնական քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», միասնական ճակատ են ստեղծել իշխանության դեմ, եւ ես չեմ բացառում, որ այդ 4-ի ձեւաչափը դնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում, հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հայտնելով, որ միասնական թիմով իրենց հաջողվել է ԱԺ-ում ապահովել 44 ստորագրություն ու ԱԺ-ին օրակարգ պարտադրել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մեզ հաջողվեց քննարկման դնել իշխանությունների գազային ավանտյուրայի հարցը, մարտի 1-ի հարցը: Հերթի մեջ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»,- ասաց նա:
Նա մերժեց տեսակետը, թե ուկրաինացի ժողովրդին հաջողվեց հաղթանակ տոնել, իսկ հայ ժողովուրդը 2008-ին պարտվեց՝ նշելով. «Հայ ժողովուրդը մարտի 1-ին չնահանջեց անգամ գնդակների դեմ: Իշխանությունը 3 անգամ գրոհեց ժողովրդի վրա եւ հակահարված ստանալով՝ ջախջախվել էր: Ռեժիմը կարողացավ պահել իշխանությունը միայն այն դեպքում, երբ, խախտելով Սահմանադրությունը, հայտարարեց արտակարգ դրություն եւ ժողովրդի դեմ հանեց բանակը: Այդպես չեղավ Ուկրաինայում: Ինչու ՀՀ իշխանություններին հաջողվեց դա. որովհետեւ 2008-ին նա պինդ էր եւ համախմբված»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հաշտության եւ եվրաասոցացման բանակցությունների տապալումը, ՌԴ-ի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու անկարողությունը մեկուսացրել են այս իշխանություններին արտաքին բնագավառում: «Այլեւս դրսի կենտրոնները չեն հանդուրժի ուժի կիրառումը հայ ժողովրդի ընդվզման դեմ: Սա ոչ թե ենթադրություն է, այլ տեղեկատվություն, որին մենք տիրապետում ենք մեր ինտենսիվ շփումների արդյունքում: Սա վերաբերում է եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին: Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ չի եղել: Այսօր մեկուսացած է ոչ թե շարժումը, ինչպես նախկինում, այլ Սերժ Սարգսյանի ռեժիմը, եւ կան բոլոր նախադրյալները նրա հեռացման գործընթացը սկսելու համար»,- իր խոսքն ամփոփեց Զուրաբյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











