Իշխանությունները սկսել են հանդես գալ մի նոր կերպարով՝ «փրկչի» եւ ձեւացնում են, թե գիշեր-ցերեկ մտածում են ՀՀ քաղաքացիների մասին, եւ նրանցից լավագույն մասնագետը վարչապետ  Տիգրան Սարգսյանն է: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում հայտարարեց  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝  նա նշեց, որ սա ոչ այլ ինչ է, քան սովորական գրպանահատություն, եւ իշխանությունը, փոխանակ անսալու իրենց բերած փաստարկներին, զիջելու, գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը: «Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է, բայց մենք մեկ է՝ գնալու ենք այդ ճանապարհով, ինչպես ընտրությունների լեզվով ասած՝ ինչքան պետք է, այսքան էլ «կխփեն»՝ 80 տոկոս»,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետը՝ կոչ անելով իշխանություններին հանգիստ թողնել բիզնեսը, դադարեցնել հարկային թալանը, որ մարդիկ զգան, վայելեն ազատության բերկրանքը:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ, անդրադառնալով  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հավաստիացումներին՝ պարտադիր կուտակային համակարգի դրական լինելու մասին, նշեց հետեւյալը: «Այդ ձեր տված բարեկեցիկ կյանքը ձեզ մնա, ասում ենք, մի արեք տենց բան, ասում են՝ չէ, բա դուք պետք է բարեկեցիկ լինեք: Մեզնից վերցնում են, տանում են 45 տարով տալիս են արտասահմանցիներին, բա չասենք՝ այ արտասահմանցի, վերցնում ես՝ ի՞նչ ես անելու: Նեղանում ա, թող նեղանա, ես ասում եմ Հեֆերնին՝ թող կպնի ձեր լավագույնը ձեզ, կգանք ձեզ դասախոսություններ կկարդանք»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am