Մենք պատրաստ ենք զոհողության, բայց ոչ էշ նահատակներ տալու։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Սարյանի պուրակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
«Երբ ժողովորդը բռունցք դառնա, վայր դնի կուսակցական դրոշը, կանգնի ազատամարտիկի, երիտասարդի եւ հայ քաղաքացու կողքին, մենք կունենանք մեզ բոլորին պատկանող հաղթանակ։ Մեր խնդիրն է ազատամարտիկների ոգով, օրինակով, պատգամով, ինչպես որ ժողովուրդն է պահանջում՝ միացում»,-իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝բոլոր կուսակցություններին եւ քաղաքացիական նախաձեռնություններին կոչ անելով միանալ ազատամարտիկներին։
Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն համազգային սուգ է, այլեւ համազգային պայքարի օր. «Այսօրվա լիցքը, ոգին, պատկանում է բոլոր հայերին»։
«Այն ինչ, որ կիսատ մնաց մեր 20 տարիների, անցած տարվա պայքարում, մենք պարտավոր ենք լրացնել այս գարնանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Կուսակցության ղեկավարն ասաց, որ իրենց պարտքն է բերել, ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդին պատկանող հանրապետություն։
«Ես դեմ եմ անձնավորմանը, բայց բոլորս գիտենք, որ նոր ընտրություն, նոր Հայաստան, նոր ապագա չի լինելու, քանի դեռ այս ապօրինի իշխանությունը նստած է ժողովրդին պատկանող աթոռին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ելույթների ավարտից հետո ազատամարտիկները պաստառներով եւ դրոշներով շարժվեցին Ազատության հրապարակ եւ միացան ՀԱԿ-ի հանրահավաքին։











