2008թ մարտի 1-ի ողբերգական դեպքերին նվիրված հանրահավաքը եւ դրան հաջորդած երթը քիչ առաջ ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքի մասնակիցները արդեն հասել են Մյասնիկյանի արձանի մոտ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մյուս համակիրների՝ Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի հետ մոտեցավ Մյասնիկյանի արձանին, ծաղիկներ դրեց:
Երթի մասնակիցներից մեկը այդտեղ այրեց Սերժ Սարգսյանի լուսանկարը:Այնուհետեւ Հայաստանի առաջին նախագահը հրաժեշտ տվեց կուսակիցներին եւ քայլելով դեպի Երեւանի քաղաքապետարան՝ նստեց իր մեքենան ու հեռացավ: Այժմ հանրահավաքի մասնակիցները ցրվում են:
Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Համլետ Թադեւոսյանը:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











