Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ճանապարհային ոստիկանություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջել է առավելագույն սկզբունքայնություն` երթեւեկության վերահսկման գործում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային երթեւեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում եւ կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման եւ ճանապարհային երթեւեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման եւ մի շարք այլ հարցեր:
Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ է տվել աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթեւեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին՝ հրահանգել է այդ հարցում օգնել քաղաքացիներին եւ նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղել է ճանապարհային երթեւեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացել աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկել դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները:











