«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ հաջորդ քայլը կլինի բոլորի մասնակցությամբ համատեղ հավաքը, որը կբերի արդյունքի: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ՀԱԿ հանրահավաք-երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի երթին մասնակցող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր պարոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն էր, իր ելույթի ընթացքում նա լավ բաներ ասաց, որ պատկանում են ժողովրդին: Որոշ բաներ ասաց, որոնք արժանի էին արձագանքի, եւ իր ելույթի վերջում հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը կարձագանքեն իր ելույթին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հանրահավաքի ժամանակ զրուցել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նա նշեց, որ իր համաձայնությունն էր հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ժողովրդի միացումը պիտի լինի ոչ թե խոսքով, այլ գործով:
«Ժողովրդի միացումը պետք է լինի իրապես համատեղ քայլերով եւ քաղաքացիական-քաղաքական վերկուսակցական հրապարակով: Ոչ մի միության անդամակցությունը, լինի դա մաքսային, խորհրդային, թե եվրոպական, անշրջելի չէ: Երբ ունենանք ժողովրդին պատկանող իշխանություն, այն ժամանակ այդ իշխանությունը կորոշի, թե որ ուղղությունը, որ հարաբերությունները կապահովի Հայաստանի շահը, սահմանադրականությունը, քաղաքացու իրավունքը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Ժառանգությունն» իր ծննդյան օրվանից առ այսօր կիսաքայլերի չի հավատում եւ երկրի փրկությունը տեսնում է ամբողջական իշխանափոխության եւ ժողովրդի համատեղ քայլերի մեջ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











