Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի մոր՝ Մարինե Հովհաննիսյանի համար որդու մահից հետո 40 օրը մի ակնթարթի պես է անցել:

«Հավատս չի գալիս, բայց սա է իրականությունը։ Դեռ 2 ամիս առաջ գրեթե ամեն օր հեռախոսով խոսում էինք տղայիս հետ, ասում էր, որ դիրքերում ամեն ինչ նորմալ է, իսկ հիմա գալիս են իր ընկերները եւ այնպիսի բաներ են պատմում իր մասին, որ ուղղակի սարսռում եմ լսելուց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Հովհաննիսյանը։

Արմենի մոր խոսքով՝ այս քառասուն օրերի ընթացքում իրենց տուն են այցելել, իրենց մխիթարանքի խոսքն են ասել բազմաթիվ անծանոթ մարդիկ:

«Մի քանի օր առաջ էլ մեզ կանչել էին Ղարաբաղ, որտեղ հանդիպեցի մի կնոջ, որի երեք որդիները զոհվել էին արցախյան ազատամարտի ժամանակ, ու ես անգամ աչքերս էի վախենում բարձրացնել, նայել այդ կնոջը։ Ինչպե՞ս կարելի է ապրել 3 որդի կորցնելուց հետո»,- պատմեց տիկին Մարինեն՝ նշելով, որ ԼՂ-ում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին, որը ԼՂՀ ՊՆ հուշամեդալ է հանձնել իրենց։ Նրա խոսքով՝ իրենց մոտենում էին հասարակ մարդիկ, արցախցիներ, եւ մխիթարանքի խոսքեր ասում:

Տիկին Մարինեն պատմեց, որ իր որդին առանձնահատուկ վերաբերմունք ուներ դիրքապահ զինվորների հանդեպ, ինչը արտահայտվել է նրա վերջին համացանցային գրառման մեջ. «Նա դիրքերում ծառայող բոլոր տղաներին համարում էր թագավոր տղա»։

Արմենի հայրը՝ Լեւոն Հովհաննիսյանը վստահ է, որ իր որդին դիվերսիոն հարձակման ժամանակ պահը գիտակցել է լիարժեք. «Որ սերժանտական էր ուզում սովորեր, հարց տվեցի՝ Արմեն ջան դու գիտե՞ս, որ բացի քեզանից, պատասխան ես տալու քո սալդատների համար, ասաց՝ հա, պապ ջան, գիտեմ, ես ուզում եմ դառնալ սերժանտ»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։