Մարտի 1-ին Ուկրաինայի արեւելքում գտնվող Խարկով քաղաքում ցուցարարները ներխուժել են շրջանային վարչության շենք, որի առաջին հարկը զբաղեցնում էին Մայդանի ակտիվիստները: Արդյունքում, ակտիվիստներին ծեծել են ու  դուրս հրավիրել: Տղաներին բեմ են բարձրացրել ու ծնկի են իջեցրել: Հրապարակում հավաքվածները դիմավորել են նրանց «Խարկով եւ Ռուսաստան» կոչերով:Շենքի վրա ռուսական դրոշն է:

Գրոհի հետեւանքով Խարկովի շրջանային պետական վարչության շենքում 106 մարդ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հաղորդում են, որ 80 մարդու տեղափոխել են շտապօգնության հիվանդանոցներ, մյուսներին՝ քաղաքի այլ բուժհաստատություններ: Մոտ 10 մարդ կհոսպիտալացվի: Մեկն ընկել է պատուհանից, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Ինչպես նշվում է, տուժածների թվում 7 անչափահաս կա: 7-ի մոտ կա աչքի վնասվածք, երեքն էլ ռետինե փամփուշտի վնասվածք են ստացել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Խարկովում ռուսալեզու բնակչության հանրահավաք էր անցնում «հանուն քաղաքի պաշտպանության» 10 հազար մարդու մասնակցությամբ: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ներխուժել են շրջանային վարչության շենք՝ ճեղքելով եվրամայդանի մասնակիցների պաշտպանությունը: