Գյումրիի տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» ամենօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք անօթեւան ընտանիքներ բնակվում են ոչ թե սեփական վագոն-տնակներում, այլ վարձով:

Նրանց թվում կան այնպիսիները, որոնք Գյումրի են տեղափոխվել այլ համայնքներից, այդ թվում նաեւ այլ մարզերից: Կան նաեւ ընտանիքներ, որոնց վագոն-տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի, եւ նրանք ստիպված տեղափոխվել են բնակվելու համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այլ ժամանակավոր կացարաններ:

Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում եւ երբեւէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայացվող տեսանյութը բազմազավակ մի ընտանիքի մասին է, որն 8 անձով, իր վագոն-տնակն ամբողջովին շարքից դուրս գալուց հետո վարձակալել եւ տեղափոխվել է նույն տնակային ավանում գտնվող մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, որի իրական տերը վաղուց գտնվում է արտերկրում: