Մարտի 1-ին կրակեցին ոչ թե քաղաքացիների, այլ պետության վրա։ Այս մասին Մյասնիկյանի արձանի մոտ լուսաբացը դիմավորելուց հետո մարտի 2-ի առավոտյան հայտարարել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, Սասուն Միքայելյանը։
«Էդ մարդիկ` ազատություն բառը շուրթերին, գնդակահարվեցին Երեւանի սրտում: Էս տղերքի վրա չկրակեցին` կրակեցին մեր հիմնի ուղղությամբ, կրակեցին մեր զինանշանի վրա, մեր եռագույնի վրա, Եռաբլուրի վրա»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը շնորհակալություն հայտնեց Մարտի 1-ի լույս 2-ի գիշերն իր հետ Մյհասնիկյանի արձանի մոտ անցկացրած բոլոր քաղաքացիներին՝ նշելով, որ Մարտի 1-ի մեղավորների բացահայտումը յուրաքանչյուրի պարտքն է. «Մեր պայքարը շարունակվելու է: Ամեն մեկիս պարտքն է Մարտի 1-ը բացահայտել»:
Հիշեցենք, որ Սասուն Միքայելյանը որոշել էր Մարտի 1-ի զոհերին հարգանքի տուրքը մատուցել լուսաբացը Մյասնիկանի արձանի մոտ դիմավորելով: Նա այնտեղ էր ժամանել Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդու Աշոտ Փաշինյանի հետ, որը եկել էր վիրահատության ենթարկված հոր փոխարեն։ Մարտի 2-ի առավոտյան Սասուն Միքայելյանի կողքին նաեւ Վարդգես Գասպարին էր եւ մի խումբ ազատամարտիկներ։
Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Համլետ Թադեւոսյանը: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:











