ՀՔԾ քննիչ Լևոն Մելքոնյանի որոշման դեմ Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունն այսօր՝ մարտի 3-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց՝ քննիչի բացակայության պատճառով:
Դատավոր Մեսրոպ Մակյանը ընթերցեց քննիչի դիմումը՝ վատառողջ լինելու և նիստին չներկայանալու մասին, որից հետո դիմեց պաշտպաններին՝ նրանց դիրքորոշումը լսելու համար:
«Հարգելի դատարան, ես համոզված եմ, որ գործ ունենք միտումնավոր ձգձգումների հետ, այսպիսի պատահականություն չի լինում: Մի քանի գործ անընդհատ հետաձգվում է: Ամեն դեպքում դատարանին մեր ներկայացրած նյութերն արդեն իսկ բավարար են որոշում կայացնելու համար, քանի որ անկախ նրանից, թե քննիչն ինչ կասի, այս նյութերից դուրս ոչինչ ասել չի կարող»,-դատարանի դահլիճում ասաց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Դատավորը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 19-ին:
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ ինչպես այս, այնպես էլ իր դեմ հարուցված մյուս գործերով նիստերը ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է՝ նոր մարտավարություն մշակելու համար:
«Իրենք չեն կարողանում կողմնորոշվել իրենց մարտավարության հարցում: Հասկանալով, որ բացահայտվում են իրենց բոլոր ապօրինություները, փլուզվում է իրենց ստրատեգիան, իրենք փորձում են նոր մարտավարություն մշակել: Պատահական չէ, որ իմ դեմ հարուցված քրեական գործով հիվանդանում է տուժողը, իմ դեմ հարուցված վարչական գործով գալիս է ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, ասում է՝ բա գիտեք ինչ, ես կուզենայի մյուս ներկայացուցիչն էլ ներկա լինի: Նոր տակտիկայի մշակման համար են նիստերը հետաձգվում, նախկին տակտիկան իրենց կանգնացրեց փաստի առաջ, ոստիկանությունը հայտնվեց ծաղրածուի , մայմունի կարգավիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիյանը:
Հիշեցնենք, որ 06.11.2013 ՀՀ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել 24.08.2013 Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ համարելով, որ նրանց գործողություններում առկա չէ հանցակազմը: Ըստ նախաքննական մարմնի՝ Կիվիրյանին մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկանները, այլ Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում: Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի որոշմումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











