Մասնագիտությամբ տնտեսագետ Հասմիկ Էվոյանը ապրիլ ամսից դաշնամուր է տեղադրելու Մաշտոցի պուրակում, որը կարող են նվագել բոլոր ցանկացողները:
«Քանի որ Մաշտոցի պուրակում դաշնամուր տեղադրելու գաղափարը վաղուց կար ինձ մոտ, «Օսըմ» հիմնադրամի հայտարարությունը տեսնելով` 5 րոպեում գրեցի ծրագիրս, ուղարկեցի, ու մոռացա այդ մասին, մինչեւ որ զանգեցին, ասեցին, որ փետրվար ամսվա հաղթողը ես եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հասմիկը: Նշենք, որ ամեն ամիս «Օսըմ» հիմնադրամը` «The Awesome Foundation»-ի երևանյան մասնաճյուղը, 1000 դոլար է տրամադրում ամենախենթ ու հետաքրքիր նախագծի համար:
Հասմիկի խոսքով` դա լինելու է հանրային դաշնամուր, ցանկացած մարդ, ով կունենա ցանկություն սովորելու կամ սովորեցնելու, համերգներ տալու կամ լսելու, կարող է գնալ իր սեփական դաշնամուրի պես այն օգտագործել։
«Ինձ համար այս ծրագիրը կարեւոր է այնքանով, որ Մաշտոցի պուրակում դաշնամուր դնելու իմ գաղափարը իրականացավ, եթե այս հիմնադրամը չլիներ, ուրիշ միջոցներով ցանկացած դեպքում կիրականացնեի իմ գաղափարը»,-պատմեց Հասմիկը:
Գաղափարի հեղինակը պատմեց, որ ինքն անձամբ չի սովորեցնելու, բայց կկազմակերպի, որ նվագողներն ու նվագել սովորել ցանկացողները հանդիպեն միմյանց Մաշտոցի պուրակում:
Հասմիկ Էվոյանը նշեց, որ Մաշտոցի պուրակը հայտնի է որպես քաղաքացիական ակտիվության վայր, ուստի շատ կարեւոր է հենց այնտեղ դաշնամուրի տեղադրումը:
«Դեռ քաղաքացիական պայքարի օրերից պուրակը վերածնվել եւ դարձել էր ոչ միայն պայքարի դաշտ, այլեւ մշակութային կենտրոն, քանի, որ այնտեղ մենք կազմակերպում էինք տարբեր մշակութային միջոցառումներ. խմբեր էին գալիս, երգում էին, եւ այս դաշնամուրը կարծես դառնում է այդ մշակութային կյանքի շարունակությունը»,-ասաց Հասմիկը:
Տնտեսագետի խոսքով` լավ կլիներ, որ Հայաստանում եւ Արցախում տարածվեր հանրային դաշնամուրի գաղափարը. «Ես կուզեի, որ այս ծրագիրը շարունակական լիներ եւ մարդիկ, ովքեր ունեն դաշնամուր եւ կցանկանան նվիրաբերել, կամ ովքեր կուզենան իրենց գյուղում կամ քաղաքում ունենալ դաշնամուր եւ երեխաներին սովորեցնել նվագել, ուղղակի կապվեն ինձ հետ, ես այդ ամենը կկազմակերպեմ»:
Հասմիկ Էվոյանի կարծիքով` մի դաշնամուրով մշակութային հեղափոխություն չի լինի, բայց որ շատերի համար դա լավ հնարավորություն կլինի սովորել նվագել դաշնամուր կամ լսել երաժշտություն, դա փաստ է:











