«Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած երկու շենքերի խաբված բնակարանատերերի համբերությունն արդեն սպառվում է. «Արցախբանկը» ձգձգում է գործը եւ հստակ պատասխան չի տալիս, բնակիչները սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների։ Նրանք այսօր՝ մարտի 4-ին, կրկին հավաքվել էին «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղի մոտ՝ պահանջելով, որ բանկը իրենց հստակ պատասխանի, թե երբ է լուծելու իրենց խնդիրը։
«Մենք ուզում ենք «Արցախբանկից» պատասխան լսել, արդեն երկար ժամանակ է, ինչ այս հարցը ձգձգվում է։ Ուզում ենք իմանալ, թե վերջնական որոշում երբ է բանկը կայացնելու, որ Կառավարության հետ համագործակցելով այս հարցը լուծի»,- NEWS.am-ին ասաց Աննա Մկրտչյանը։
Հասմիկ Պողոսյանն էլ ասաց, որ իրեն կանչել են բանկից եւ պահանջել իր վճարած գումարների անդորրագրերը. «Ասում եմ, դուք մեզ առաջարկ ունե՞ք անելու, պատասխանեցին՝ դուք մեզ փո՞ղ եք տվել, որ եկել, պահանջում եք, գնացեք Աշոտ Տոնոյանից պահանջեք ձեր տները»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»։ «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին եւ այժմ բնակարանատերերից լրացուցիչ գումար է պահանջում՝ բնակարանները նրանց վերադարձնելու համար։
«Բոլոր բնակիչներին «Արցախբանկը» կանչում, ինչ-որ տարբերակներ է առաջարկում, ինձ դեռ չի կանչել, բայց որ կանչեն, հավաքելու եմ երեխեքիս, վեշերով գամ, ու չեմ իջնելու. թող դա իմանան։ Հոգնել եմ արդեն, 8 տարի է վարձով եմ ապրում»,- ասաց Ռուզան Սարգսյանը, որը ակցիային մասնակցելու էր բերել նաեւ իր 7-ամյա որդուն։
«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչներից մեկը հանդիպեց բանկի ներկայացուցիչների հետ, որոնք խոստացել են 2 օրվա ընթացքում հստակ պատասխան տալ իրենց որոշման մասին, սակայն նշել են, որ բողոքի ակցիաներով բնակարանատերերը հարցը չեն լուծի։
Բնակիչներն էլ որոշեցին սպասել եւս երկու օր, եւ դրական պատասխան չստանալու դեպքում դիմել այլ միջոցների։
Հիշեցնենք, որ անցած տարի բնակարանատերերը ներխուժել էին «Արցախբանկ», ակցիաներից մեկի ժամանակ էլ ձվեր էին շպրտել բանկի պատուհաններին։
Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։











