Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքում բնակվող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքն արդեն մեկ ամիս է, ինչ ապրում է առանց ջրի ու գազի:
«Իմ երազած Երեւանը սա չի եղել, ու իրենք արտագաղթողների թիվն են ավելացնում: Թվով 7 հոգի պոտենցիալ արտագաղթող ունեն: Մի ամիս ա` ես բարձրաձայնում եմ, որ իմ էրեխեքը ջուր չունեն, հաշմանդամ ծնողներ ունեմ, քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան խնդրին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն շենքի բնակիչ Արման Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե առանց ջրի ու գազի ինչպես են կարողանում հոգալ կենցաղային խնդիրները, երեք անչափահաս երեխաների հայրը պատասխանեց. «Բարեբախտաբար, ես տաքսի ունեմ: Մեքենայով կողքի թաղամասից շշերով եմ ջուրը բերում: Օրը 200 լիտր ջուր եմ բերում: Դե, եղանակը հիմա մի քիչ տաքացել ա, գազ պետք չի լինում, մի կերպ յոլա ենք գնում»:
Հիշեցնենք, որ Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հիմնական մասը տեղափոխվել է Սիսակյան 22 հասցեում գտնվող նորակառույց շենք: Վթարային շենքում այս պահին ապրում է չորս ընտանիք, որոնց չեն բավարարում նորակառույց շենքում իրենց առաջարկված պայմանները: Քաղաքապետարանը, հղում անելով օրենքին, ըստ որի վթարային շենքերի բնակիչներին բարելավում չի հասնում, բնակիչներին զրկելով կոմունալ ծառայություններից, մասնավորապես, գազի եւ ջրի մատակարարումից, նրանց ստիպում է տեղափոխվել նոր բնակարաններ եւ դիմել է դատարան` շենքից բնակիչներին վտարելու պահանջով:











