ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի առիթով բողոքի ակցիայի ժամանակ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործն այսօր՝ մարտի 4-ին, կարճվեց. ոստիկանությունը հետ վերցրեց իր հաղորդումը։

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը հավաքված ակտիվիստներն արձագանքեցին «Հաղթանակ», «Ազատ, անկախ Հայաստան» բացականչություններով։

«Դեկտեմբերի 2-ին խախտվել է խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, անձնական անձեռնմխելիության իրավունքը, եւ այս միջամտությունները եղել են ոչ իրավաչափ։ Իմ պաշտպանյալի հանդեպ բռնություն չի գործադրվել, բայց բերման ենթարկելիս ոչ համաչափ գործողություններեն եղել ոստիկանների կողմից»,- NEWS.am-ին ասաց Վարդան Հարությունյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ոստիկանությունը կարող էր հրաժարվել հաղորդումից տարբեր պատճառներով, եւ ինքն այդ մասին միայն ենթադրություններ կարող է անել։

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ գործը կարճելու պատճառն այն է, որ գործին ընթացք տալու ոչ մի օրինական հիմք չկար։

«Մենք արտահայտում էինք մեր բողոքը Մաքսային Մությանը միանալու դեմ, իրենց մարդաքանակ էր պետք, դրա համար էլ բերման ենթարկեցին»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ շատ կոպիտ ձեւով, ձեռնաշղթաներով են իրեն այդ օրը բերման ենթարկել՝ չպատասխանելով, թե ինչ պատճառով են  ոստիկանություն տանում։

Մեղադրող կողմի ներկայացուցիչ Արմեն Վարոսյանին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատական նիստից հետո հարց տվեց, թե ինչու են հաղորդումը հետ վերցրել, սակայն ոստիկանը խուսափեց պատասխանից՝ ասելով, թե պարտավոր չէ հիմնավորել որոշումը։

«Հենց այնպես հայցը տվել են, հենց այնպես էլ հայցը վերցնում են։ Այս վարքագիծը բնորոշ է լրիվ անպատասխանատու մի կազմակերպության՝ ինչպիսին են ոստիկանությունըեւ մնացած պետական մարմինները»,- ասաց Վարդգես Գասպարին՝ նշելով, որ ոստիկանությունում ներգրավված են «բութ, անգրագետ, ոչ պրոֆեսիոնալ անձինք»։

Հիշեցնենք, որ «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը 2013թ. դեկտեմբերի 2-ին կազմակերպեց խաղաղ հավաք և երթ՝ պահանջելով ՀՀ-ի Մաքսային միություն մտնելու գործընթացը կասեցնել: Այդ օրը 110 քաղաքացիներ, մի մասը՝ երթի ժամանակ, մյուսներն էլ՝  քաղաքի տարբեր մասերից բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ։