Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով որպես տուժող եւ վկա անցնող ոստիկաններն այսօր՝ մարտի 4-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում հակասական ցուցմունքներ են տվել:Մասնավորապես, ոստիկան Վահան Վրթանեսյանը հայտարարել է, որ Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին ոստիկանություն բերման ենթարկվելիս ոտքերով հարվածել է ոստիկանական մեքենայի դռանը, որով իրեն բաժին են տարել, սպառնացել է ոստիկաններին, նրանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ «Արգիշտի Կիվիրյանին գրկած մտցրել ենք ոստիկանական մեքենան: Մեքենայի մեջ նա ոտքերով հարվածում էր աջ նստատեղին, սպառնում էր, որ մենք չգիտենք՝ ում հետ գործ ունենք: Գլխով հարվածեց դռանը, քթից արյուն էր գալիս: Հետո իմ ձեռքին հարվածեց ու կծեց: Ինձ սեռական հայհոյանքներ տվեց, մորս հայհոյեց, ասեց՝ կգնաս, մորդ ու քրոջդ կբրթես: Ես էլ իրան ստոր անվանեցի»,- ասաց ոստիկանության աշխատակից Վահան Վրթանեսյանը։
Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս հնարավոր է, որ ոստիկանը իր մեքենայում իր մորը հայհոյած քաղաքացուն պարզապես հորդորած լինի ենթարկվել իր օրինական պահանջին:
«Ձեր ասելով՝ Ձեր մորն է հայհոյել, ու դուք ոչ մի պատասխան չե՞ք տվել: Դուք դա բնակա՞ն եք համարում: Դուք սեռական հայհոյանքից չե՞ք վիրավորվում: Շո՞ւտ է Ձեր մոտ անցնում, երբ ձեր մորը հայհոյում են»,- հարցրեց նա, ինչին ոստիկանության աշխատակիցը պատասխանեց, որ ինքն իր աշխատանքն է արել:
Ավելին՝ Կիվիրյանի պաշտպանը հրապարակեց տուժողի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, որում տուժողը հայհոյանքի մասին ոչինչ չէր նշել։
«Ձեր տված ցուցմունքները հակասում են իրար: Նախաքննության ընթացքում Կիվիրյանը ոչ ոքի չէր հայհոյել, իսկ դատարանում ասում եք՝ մորս սեռական բնույթի հայհոյանք է տվել»,-ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:
Մյուս վկայի՝ Սարգիս Սարգսյանի ցուցմունքում, նույնպես հակասություն կար։ Վկան, որը եղել է ոստիկանական մեքենայում Կիվիրյանին բերման ենթարկելիս, նախ ասաց, որ Կիվիրյանը մեքենայում կիսապառկած վիճակում է եղել, և ինքը չի տեսել , թե Կիվիրյանի ոտքերը որտեղ են եղել, հետո հավաստիացրեց, որ Կիվիրյանը ոտքերով հարվածել է իր նստատեղին:
Վկաների հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 18-ին:
Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբանները նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասացին, որ վկաների հակասական ցուցմունքները վկայում են այն մասին, որ վկայությունները սուտ էին։
«Այս հարցաքննություններ արդյունքում հաստատվեց, որ ոստիկանները հակասական ցուցմունքներ են տալիս, որ չեն նկարագրում այն իրողությունը, որն իրականում տեղի է ունեցել, այլ մտացածին ցուցմունքներ են տալիս: Ընդ որում, եթե ուշադրություն դարձնելու լինեինք, սկզբնական փուլում, երբ նրանք ազատ պատմում էին իբրեւ թե իրենց տեսածը, նույնությամբ կրկնում էին մեկը մյուսին: Այսինքն դասը նույնական էր երեքի համար: Իսկ երբ խոսքն արդեն մանրամասների մասին էր, նրանք չգիտեին ինչ պատասխանել, եւ հասկանալի է, որ հակասական ցուցմունքներ էին տալիս:
Այս ցուցմունքների կարեւորությունը կզգացվի այն ժամանակ, երբ կհրապարակվեն գործի նյութերը եւ դուք կտեսնեք, թե ինչ աստիճանի հակասական ցուցմունքներ են տվել նրանք դատարանում: Մեզ համար կարեւոր էլ չէր, թե ինչ ցուցմունք կտային: Մենք ունենք ապացույցներ, որ ոստիկանությունն այդ օրը գործել է ապօրինի«,- ասաց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am











