ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝  սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։

Գեներալ Մանվելը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, հարցրել որպիսությունը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տիկին Գրետան բավական թույլ էր, չէր խոսում, միայն ձեռքի շարժումով էր պատասխանում գեներալի հարցերին։ 

Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին մեր թղթակցին ասել է, որ տիկին Գրետայի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նրան դուրս գրվելու մասին խոսելը դեռ վաղ է։

ԵԿՄ նախագահը տիկին Գրետային նվիրել է նաեւ Վազգեն Սարգսյանի 55-ամյա տարեդարձին նվիրված կրծքանշաններ։ «Կնվիրես նրանց, ում արժանի կհամարես»,- ասել է նա։

ԵԿՄ անդամներն այնուհետեւ գնացել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։