Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին  հարգանքի տուրք մատուցելու համար պաշտոնյաների այցելությունը «Եռաբլուր» այս անգամ եւս առանց միջադեպերի չանցավ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սյունիքի մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրիկ Խաչատրյանը «Եռաբլուրում» մոտեցել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ մի քանի րոպե առանձնազրույց ունեցել: Սուրիկ Խաչատրյանը հրաժարվել է պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցերին՝  խոստանալով, որ վաղը կպատասխանի բոլոր հարցերին:

«Եռաբլուրում» Սուրիկ Խաչատրյանին է մոտեցել մի մարդ եւ գումար խնդրել, նախկին մարզպետի օգնականներից մեկը ծրար է տվել այդ մարդուն, բայց նա, դիմելով Սուրիկ խաչատրյանին, ասել է, թե. «Ես ձեզնից եմ գումար ուզում», ինչին ԵԿՄ վարչության նորաթուխ անդամը այսպես է հակադարձել. «Այ մարդ, ես եմ տալիս, իմ տված փողն ա»:

«Եռաբլուրում» գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես, թե Ուկրաինայում ստեղծված իրավիճակը որքանով է վտանգավոր Հայաստանի համար: Փոխարենը ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը շրջվել է եւ ասել. «Ինչ Ուկրաինա, էսօր Վազգենի ծնունդն ա»: Դրանից հետո Մանվել Գրիգորյանը Տիգրան Սարգսյանի հետ հեռացել է:

Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝  սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։ Գեներալ Մանվելը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, հարցրել որպիսությունը։