Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» այցելած Պաշտպանության նախարարին մոտեցել են բանակում զոհված զինծառայողների մայրերը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք սկզբում ցանկանում էին մոտենալ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինս հեռացավ՝ առանց նրանց լսելու, եւ զոհված զինծառայողների մայրերը կարողացան «բռնացնել» Սեյրան Օհանյանին:
Պաշտպանության նախարարը, ինչպես միշտ, խոստացավ օգնել բոլորին, հանդիպումներ նշանակեց: Մոտենալով նախարարին՝ մեծահասակ մի կին ասաց, որ բազմիցս գնացել է նախարարություն, սակայն ոչ մի անգամ նրան չեն ընդունել, ինչից Սեյրան Օհանյանը զարմացավ եւ հակադարձեց. «Ես բոլորին ընդունում եմ, ցուցակով ում տալիս են, բոլորին ընդունում եմ, ի՞նչ եք ասում, նման բան հնարավոր չէ»:
Նախարարին մոտեցած կինը պարզաբանեց, որ նախարարությունում՝ առաջին հարկում, նստող աղջիկները հրաժարվում են իրեն ցուցակագրել եւ հանդիպման ուղարկել, ՊՆ նախարարը նրան խոստացավ անպայման հանդիպում նշանակել:
Այնուհետեւ Սեյրան Օհանյանին մոտեցավ զոհված ազատամարտիկի կին՝ գրկին երեխա, նա խնդրեց բարձրացնել իր թոշակը, քանի որ գումարը չի բավականացնում, նախարարն էլ ասաց, որ «մի անգամ 100 հազար տվել ենք, էլի կտանք»:
Այս ամբողջ ընթացքում Սեյրան Օհանյանի թիկնապահները խոչընդոտում էին լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը ու թույլ չէին տալիս նրանց տեսանկարահանել՝ պատճառաբանելով, թե «անձնական զրույց է, թողեք խոսեն»: Պաշտպանության նախարարի թիկնապահները սկսեցին հրել եւ քաքշել լրագրողներին, որոնք սկսեցին գոռալ, բողոքել, բայց նախարարը անտարբեր հայացք նետեց ու հեռացավ:
Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։ Գեներալ Մանվելը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, հարցրել որպիսությունը։











