Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի զինտեխնիկա տեղադրելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանը վերահսկում է իրավիճակը սահմանին եւ հավելյալ զինտեխնիկա Ադրբեջանի կողմից տեղադրված չէ, «եթե լինում է որեւէ բան, դա իրենց ուսումնական գործողություններն են»:
Խաղաղությունը հայ-ադրբեջանական սահմանին, նախարարի խոսքով, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. «Նախ մեր զինծառայողները կարողացան այդ լարվածությանը ըստ կարգի պատասխանել, եւ երկրորդ՝ հակառակորդն էլ հասկանում է, որ պետք չէ իզուր սրել իրավիճակը, որովհետեւ իրենց զոհերը ավելի շատ են լինում եւ մենք կարողանում ենք լարվածությունը թուլացնել: Մենք պատասխանում ենք միայն նպատակային կրակոցներին, անիմաստ կրակոցներին չենք պատասխանում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստան ՀԱՊԿ պայմանագրի անդամ է, իսկ Ռուսաստանը կարծես թե պատերազմ է սկսում Ուկրաինայի դեմ, հնարավոր է մեր երկիրը միջամտի, նախարարը պատասխանեց, որ այսօր եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։ Գեներալ Մանվելը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, հարցրել որպիսությունը։ «Նաիրի» բ/կ-ից հետո ԵԿՄ-ականնները եւ մի խումբ ՀՀԿ-ականներ գնացել են «Եռաբլուր» պանթեոն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











