Հայտնագործողները մատանի են ստեղծել, որը տեխնոլոգիաների վերջին խոսքն է: Այն ստեղծվել է ցուցամատին կրելու համար, որը կարող է օգտագործվել կենցաղային «սմարթ» սարքերի, հավելվածների կառավարման համար եւ անգամ թույլ է տալիս մատի շարժումով վճարումներ իրականացնել:

Օրինակ, մատով օդում ծրար նկարելով, օգտատերը բացում է էլեկտրոնային փոստով աշխատելու համար նախատեսված հավելվածը, երբ տեսխցիկ է նկարում, կարողանում է միանալ հեռախոսի ցիկին, իսկ երբ ցանկանում է երաժշտություն լսել, բավական է նոտա պատկերել:

Մատանին նաեւ տեքստ փոխանցելու գործառույթ ունի, ինչը թույլ է տալիս մարդկանց հաղորդագրություններ գրել՝ օդում մատով տառեր պատկերելով, հաղորդում է FedPost.ru-ն:

Գաջեթը ստեղծվել է քալիֆորնիական Logbar ընկերությունում եւ սպասվում է, որ վաճառքի կհանվի հուլիսին: Սարքը հասանելի է նախնական պատվերի համար՝ յուրաքանչյուրի դիմաց 145 դոլար:

Մատանու ակտիվացման համար դրա տերը պետք է սեղմի կողմնային կոճակը: Այն աշխատում է մարտկոցով ու ունի շարժման հաղորդիչ, սենսորային հաղորդիչ, Bluetooth չիպ, վիբրո գործառույթ ու լուսադիոդ: Դրա օգտատերը կարող է տեղեկացումներ ստանալ էլեկտրոնային փոստի նոր նամակների մասին, ինչի համար կարող է կիրառվել կամ վիբրացիան կամ լուսային ինդիկացան, որը սնուցման կոճակի կողքին է:

Bluetooth-ի օգնությամբ սարքը կարող է միանալ ցանկացած սմարթ-սարքի, այդ թվում՝ հեռուստացույցներին: Այն կարող է աշխատել նաեւ  Google ակնոցների հետ: Ներկայումս սարքն աշխատում է iOS 7 եւ Android 4.4 համակարգերի հիման վրա: