Գյումրիում գազից թունավորման այս տարի արդեն 7-րդ դեպքն է գրանցվել մարտի 5-ին։ Առավոտյան ժամը 07:10-ին Գյումրու բժշկական համալիր են դիմել Ախուրյան գյուղի Ջրաշինարանների 18 շենք, 7-րդ բնակարանի բնակիչներ՝ 37-ամյա Սիրանուշ Ջանալյանը, 57-ամյա Գոհար Մելքոնյանն ու նույն հասցեում հյուրընկալված Հոռոմ գյուղի բնակիչ, 23-ամյա Անուշիկ Վարդանյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության : Հիվանդանոցում ստանալով ամբուլատոր առաջին բուժօգունություն՝ թունավորվածները դուրս են գրվել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մարզի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները բնակարանում արձանագրել են բնակչի կողմից գազի օգտագործման անվտանգության կանոնների խախտում:
«Բնակիչն ինքնուրույն շմոլ գազի ծխատար խողովակն արհեստականորեն փոքրացրել է, ինչը առաջացրել է շմոլ գազի արտահոսք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մասնաճյուղի տնօրենի տեղակալ Աշոտ Ռուշանյանը:
Նրա խոսքով, կառույցը գրեթե ամեն օր ուսումնասիրություններ է անում, ինչպես շենքերում,այնպես էլ սեփական տներում, արձանագրում տարատեսակ խախտումներ ու զգուշացումներ անում, սակայն բնակիչները համառորեն չեն վերացնում թերությունները։
«Եվրո դուռ-պատուհան են դնում, չեն օդափոխում բնակարանները, խցափակում են օդատարը, իբր խնայում են ջերմությունը, անջատում են գազի արտահոսքի ազդանշանային համակարգը՝ էլի խնայելով էլեկտրաէներգիան, չմտածելով որ կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Աշոտ Ռուշանյանը։
Այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ այս տարի գազից թունավորման դեպքերի նվազում է գրանցվել: Մասնագետները դա կապում են արտագաղթի աճի ու գազասպառողների թվի նվազման հետ:











