Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը միացել է Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքող եւ այսօր առավոտյան Երեւան-Ապարան ավտոմայրուղին փակած յոթ գյուղի բնակիչներին:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որն է պատգամավորի այնտեղ գտնվելու պատճառը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ եկել է, որ բնակիչների կողքին կանգնի։

«Ժողովուրդն ուզում է օրենք կիրառվի։ Ցույց չեն տալիս ոչ նախագիծ, ոչ հիմնավորում, ոչ բնապահպանական ուսումնասիրություն: Ամեն ինչ կարելի է սարքել, բայց պիտի կառուցվի այնպես, որ չվնասի, օգուտն ավելի շատ լինի, քան թե վնասը: Ընդհակառակը` հայտարարում են, որ ջրագիծ են տանում: Ոմանց թվում ա, թե մենք սեմոչկա ծախող ենք: Պատասխաններ են տալիս, որը մարդկային լոգիկայի  մեջ չի տեղավորվում: Կամ ծաղրում են, կամ չեն հասկանում` ինչ են խոսում»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Շինհրապարակ եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը՝ նորից փորձելով համոզել գյուղացիներին ցրվել։

«Եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ գյուղացին մեկ դրամի վնաս կկրի, թող ապացուցի, բայց նման բան չկա: Գյուղացին ոչ մի վնաս էլ չի կրելու: Չի կարա գյուղացու մեկ լիտր ջրի հաշվին ինչ-որ մեկը մեծ եկամուտներ ստանա»,- ասաց մարզպետը:

Մարզպետին չի հաջողվել գյուղացիներին համոզել հեռանալ։ Գյուղացիները սպառնացել են, որ տեխնիկան դուրս չբերելու դեպքում իրենք կրկին կփակեն Երեւան-Ապարան մայրուղին եւ փաստորեն հասել են իրենց նպատակին. քիչ առաջ ոստիկանները հավաքվածներին հրահանգել են  տարածքից հեռացնել ավտոմեքենաները, որպեսզի բանվորները կարողանան շինհրապարակից դուրս բերել տեխնիկան։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։