Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության համար բերված տեխնիկան՝ կռունկն ու էքսկավատորը, հարակից յոթ գյուղերի բնակիչների ճնշման արդյունքում քիչ առաջ շինհրապարակից դուրս բերվեց։
Գյուղացիները հեռանալուց առաջ հայտարարել են, որ եթե կրկին տեխնիկան վերադարձվի եւ վեսրսկսվի շինարարությունը, իրենք նորից կփակեն Երեւան-Ապարան մայրուղին։
NEWS.am-ի թղթակիցը Արագածոտնի մարզպետ Սագիս Սահակյանից հետաքրքրվել է, արդյոք կդադարեցվի ՀԷԿ-ի շինարարությունը եւ տեխնիկան այլեւս չի վերադարձվի շինհրապարակ, ինչին մարզպետը խուսափել է ուղիղ պատասխան տալ, միայն քմծիծաղ տալով հերթական անգամ կրկնել է, որ ՀԷԿ-ի կառուցումը վտանգավոր չէ։
Բնակիչները, սակայն, հիշեցրել են մարզպետին, որ իրենք բոլորը վարկեր ունեն եւ ապրում են այն այգիներով, որոնք ՀԷԿ-ի կառուցման դեպքում կչորանան՝ իրենց զրկելով եկամտի միակ աղբյուրից։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։











