Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դադարեցրել է մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ղրիմի Գերագույն Ռադայի որոշումը: Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն Ռադան հանդես կգա Ղրիմի Գերագույն Ռադան ցրելու նախաձեռնությամբ: Այս մասին Տուրչինովը հայտարարել է իր հեռուստատեսային ուղերձում:
«Ղրիմի Գերագույն Ռադան, որն ամբողջությամբ վերահսկվում է ՌԴ զինված ուժերի կողմից, հանրաքվե անցկացնելու անօրինական որոշում է կայացրել: Հանրաքվեն հետեւյալ հարցով է. «Կո՞ղմ եք Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելուն»: Այդ որոշումը ոչ լեգիտիմ է, այն հակասում է Ուկրաինայի ժողովրդի կամքին եւ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ապրող քաղաքացիների շահերին: Ուկրաինայի տարածքը աշխարհի կողմից ճանաչված սահմաններում անձեռնմխելի է եւ ինքնիշխան: Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն, բացառապես, կրկնում եմ, բացառապես համաուկրաինական հանրաքվեով կարող են նման հարցեր քննարկվել, որոնք կապված են սահմանների եւ երկրի տարածքի փոփոխության հետ:
Ընդ որում, նույնիսկ տեղական մակարդակով հանրաքվե անցկացնելու համար 10 օրը բավական չէ, ուստի դա հանրաքվե չէ: Դա ֆարս է լինելու, հանցագործություն պետության դեմ, որը կազմակերպել են ՌԴ զինվորականները: Ինձ տրված լիազորությունների համաձայն՝ ես դադարեցրել եմ Ղրիմի խորհրդարանի այդ որոշումը: Ուկրաինայի Գերագույն Ռադան հանդես կգա Ղրիմի Գերագույն Ռադան ցրելու նախաձեռնությամբ: Մենք կպաշտպանենք մեր տարածքի անձեռնմխելիությունը: Մենք կպաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունը: Ես վստահ եմ, որ Ուկրաինայի քաղաքացիները եւս, որոնք ապրում են Ղրիմում, ամեն կերպ կաջակցեն դրան», հաղորդում է «Լիգա Նովոստին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ին, Ղրիմի խորհրդարանի 100 պատգամավորներից 78-ը կողմ են քվեարկել Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու եւ այդ հարցով մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու մասին որոշոմանը:











