Երդմնակալությունից անմիջապես հետո Վիկտոր Յանուկովիչը փոխվեց, դարձավ մեծամիտ ու գոռոզ: Այդ մասին «Նշան ողջույին» հաղորդման ընթացքում հայտնել է ՌԴ նախկին քաղաքացի Վյաչեսլավ Զանեւսկին, ով 2008թ.-ի կեսերից մինչեւ 2012թ.-ը նախագահի արտահաստիքային խորհրդականի կարգավիճակում գլխավորել է Վիկտոր Յանուկովիչի անվտանգության ծառայությունը, հաղորդում է «Censor.NET»-ը՝ վկայակոչելով ТВі-ին:

«Հավանաբար, ամենամեծ թերությունը, որ տեսնում եմ, այն է, որ մարդը (Յանուկովիչը՝ խմբ.) կայսր դարձավ: Նախագահի եւ կայսեր միջեւ տարբերությունն այն է, որ կայսրի մոտ չի կարող ամեն ինչ վատ լինել»,- հայտարարել է Յանուկովիչի անվտանգության նախկին գլխավոր աշխատակիցը:

Նրա կարծիքով՝ Յանուկովիչի ձգտումն անսահման հարստության մանկական բարդույթների եւ բանտային անցյալի հետեւանք է: Զանեւսկին հաստատել է, որ Յանուկովիչը կարող է ֆիզիկական ուժ գործադրել իր ենթակաների նկատմամբ: Այդ պատճառով բոլորը վախենում էին նախկին նախագահին դիտողություն անել կամ վատ լուրերով գնալ նրա մոտ: