ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ հավաքված «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են, որ Ֆինանսների նախարարն իջնի ու պարզաբանի կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ իր հայտարարությունները:

Քիչ առաջ շենքից դուրս եկան աշխատակազմի ղեկավարն ու ներկայացուցիչները եւ առաջարկեցին 5-6 հոգուց բաղկացած պատվիրակություն ստեղծել, որոնց անձամբ կընդունի նախարարը, սակայն հավաքվածները չհամաձայնվեցին:

«Մենք  Comedy Club չենք եկել: Մենք խոսելու ենք միայն նախարարի հետ»,- ասացին ակցիայի մասնակիցները եւ սկսեցին սուլելով եւ «հեռացեք» գոռալով խլեցնել նախարարության աշխատակիցների խոսքը, ցույց են տալիս «Դեմ եմ»-ի նշանը՝ բութ մատը ներքեւ, գոռում «վախկոտներ»: Նախարարության ներկայացուցիչները ստիպված հեռացան:

Աշխատակազմի ղեկավարը մի քանի րոպե հետո նորից դուրս եկավ ու ասաց. «Ժողովուրդ, սա երկխոսություն չի, սա ամբոխավարություն ա»:

Հարցին՝ ինչու նախարարն անձամբ չի իջնում եւ պատասխանում ակցիայի մասնակիցների հարցերին, աշխատակազմի ղեկավարը զարմացավ. «Ինչու պիտի իջնի»:

Ակցիայի մանսակիցները մանրադրամներ նետեցին նախարարության ուղղությամբ, ապա փակեցին Նալբանդյան փողոցը: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին։ Այժմ նրանք հավաքվածներին հրելով փորձում են հեռացնել փողոցից։