«ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Ֆինանսների նախարարության մոտից երթով գնում են Ոստիկանության կենտրոնի բաժին, ուր բերման են ենթարկել ակցիայի մի քնաի մասնակիցների։ Նրանց հստակ թիվն առայժմ պարզ չէ։

Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո երկար ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ շարունակվում էին բախումները ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Ակտիվիստները փակել էին փողոցը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը, սակայն ոստիկանները նրանց բոլորին ուժով, հրմշտելով դուրս բերեցին փողոցից, ապա պատ կազմեցին Նալբանդյան փողոցի երկու մայթերին՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին դուրս գալ փողոց:

Նախարարության մոտ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա վիճաբանում է ակցիայի մասնակիցների հետ եւ համոզում չխանգարել հասարակական կարգը։ Նա պնդում է, որ ոչ ոք իրավունք չունի փողոց փակել ու խոչընդոտել ուրիշի ազատ տեղաշարժվելու իրավունքը:

«Ձեր ակցիան արտոնված չէ, դուք սահմանափակում եք ուրիշի իրավունքը, խախտում եք հասարակական կարգը»,- ասաց փոխոստիկանապետը։

«Կամ մեր ընկերներին ազատ եք արձակում, կամ մենք գնում ենք ոստիկանություն»,- ասացին ակտիվիստները։ Նրանք այժմ շարժվում են դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Ֆինանսների նախարարը իջնի եւ պատասխանի կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ իրենց հարցերին, սակայն նախարարը հրաժարվում էր իջնել՝ փոխարենը առաջարկելով, որ ակտիվիստները մի քանի հոգանոց պատվիրակություն կազմեն, որոնց ինքը կընդունի։