ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված ակտիվիստներին աջակցելու նպատակով դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին գնալուց առաջ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները մանրադրամներ նետեցին ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի մոտ եւ կեղտոտ թաշկինակ կապեցին շենքի դռանը՝ ասելով. «Դրամի մեռած եք: Իջեք հավաքեք»:
Հասնելով Կառավարության մոտ՝ ակցիայի մասնակիցները «Դեմ եմ»-ի նշան ՝բութ մատը ներքեւ, եւ միջնամատ ցույց տվեցին գործադիրի ուղղությամբ, սուլեցին ու բղավեցին՝ «ամոթ»։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առջեւից քայլում են շղթա կազմած ակտիվիստները՝ «Դեմ եմ փողերի արտագաղթին» գրությամբ հսկայական պաստառով: Նրանք անցորդներին կյոչ են անում միանալ իրենց։ Ավտոմեքենաներն ազդանշաններով իրենց աջակցությունն են ցույց տալիս։
Նախաձեռնության անդամներից Մելինե Ղարիմյանը իր հետ ձնծաղիկներ է բերել, որոնք բաժանում է ոստիկաններին՝ որպես խաղաղության խորհրդանշան։
Մինչեւ երթի սկսվելը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ակտիվիստ Հայկ Ավետիսյանին ու հորդորեց մայթով քայլել: Այդ պահին ակտիվիստներից մեկը հարցով դիմեց Օսիպյանին:
«Պարոն Օսիպյան, դուք էդքան կաք, որ նախարարին ասեք՝ իջնի», որին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Ես էնքան կամ, որ դուք չեք կարող պատկերացնել»։
Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ բերման ենթարկվածները երեքն են։ Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով։
Նշենք, որ ակցիան բավական մարդաշատ է։ Նրանց մի մասը հասել է արդեն Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, մյուս մասը դեռ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մոտ է։ Համալսարանի ուսանողներին նրանք նույնպես կոչ են արել միանալ իրենց, սակայն նրանք բավարարվում են միայն պատուհաններից երթին հետեւելով։




Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











