Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս եկավ այսօր՝ մարտի 7-ին, Ֆինանսների նախարարության առջեւ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված առաջին ակտիվիստը՝ Հակոբ Արշակյանը: Ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածները նրան դիմավորեցին «հերոսներ, հերոսներ» վանկարկումներով:

Նա լրագրողներին պատմեց, որ իր նկատմամբ վարչական տույժի մասին արձանագրություն է կազմվել, որն ինքը չի ստորագրել. «Չեմ պատրաստվում վճարել, որովհետեւ ոչ մի անօրինական բան չեմ արել»:

Հակոբը ասաց, որ բերման ենթարկվելիս ֆիզիկապես չի տուժել, բայց հիշում է, որ բերման ենթարկելիս իր «վիզը խեղդում էին»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ ոստիկանը «խեղդելով մարդ տանի»: Հակոբի պատմածին Օսիպյանն արձագանքել է քմծիծաղով. «Որ խեղդած լինեին, ստեղ չէր լինի»։

Այս պահին ակցիայի մասնակիցները դրսում հավաքված սպասում են մյուս երկու բերման ենթարկվածներին, որոնց ոստիկանության խոսքով՝ մի քանի րոպեից ազատ կարձակեն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am