15։30-ի մոտ Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս եկավ այսօր՝ մարտի 7-ին, Ֆինանսների նախարարության առջեւ «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված երեք ակտիվիստներից երկրորդը՝ Էդուարդ Մինասյանը, 15։48-ին՝ նաեւ Դավիթ Աղաբեկյանը։

Ոստիկանության առջեւ հավաքված ակտիվիստները նրանց դիմավորեցին «հերոսներ» բացականչություններով։

Էդուարդ Մինասյանը նշեց, որ իրեն բերման ենթարկելիս բռնության են ենթարկել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ արձակված Հակոբ Արշակյանն ասել էր, որ իրեն բերման ենթարկելիս «վիզը խեղդել են»։

Դավիթ Աղաբեկյանն ասաց, որ իրեն բերման են ենթարկել, երբ փորձում էր բաժանել միմյանց հրմշտող ոստիկաններին եւ ակտիվիստներին։

Բոլոր բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել է վարչական տույժի մասին արձանագրություն՝ այն հիմքով, որ նրանք չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը եւ փակել են ճանապարհը, սակայն երեքն էլ ասացին, որ չեն ստորագրել  արձանագրությունը եւ չեն պատրաստվում որեւէ բան վճարել, որովհետեւ իրենք որեւէ ապօրինի բան չեն արել։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am