Կանանց միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի քրդուհիները մարտի 7-ին ակցիայի են դուրս եկել կանանց իրավունքները պաշտպանող պաստառներով եւ քուրդ ժողովրդի ազատության համար զոհված քրդուհիների նկարներով։

Քրդուհիները շնորհավորում էին բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ եւ ցանկանում էին եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել կանանց խնդիրների վրա։

«Աշխարհով մեկ հազարավոր կանանց ինքնությունն է ոտնահարվում, կանանց ինքնասիրությունն է ոտնահարվում, կանայք չեն գտնում իրենց տեղը երկրագնդի վրա։ Դրա համար մենք այսօր հավաքվել ենք բարձրաձայնելու, որ կինը պետք է ունենա իր բարձրությունը, իր գնահատականը», - ասել է «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը։

Քրդուհիների այս հանրահավաքի մյուս պատճառը, ինչպես նշեց Ամիրյանը, այն է, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայում սպանված երեք քուրդ կանանց գործը դեռ չի փակվել, իսկ մեղավորները դեռ ազատության մեջ են։

Ակցիայի ժամանակ կանայք ընթերցել են նաեւ քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ուղերձը։

«Կանանց ազատությունն ինձ համար ավելի մեծ արժեք ունի, քան երկրի կամ ազգային մշակույթի ազատությունը։ Կինը պարտավոր է պայքարել ազատության համար եւ հասնել այդ նպատակին», - ասել է Օջալանն իր ուղերձում՝ նշելով կանանց կարեւոր դերը հասարակական կյանքում եւ ավելացնելով, որ «լավագույն կինը նա է, ով աշխատում է ազատություն ձեռք բերելու համար»։