Շոու բիզնեսի ներկայացուցիչները նկարվելու փոխարեն կարող են գալ այստեղ ու պայքարել: Այս մասին NEWS.am-ին ասաց հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Տաթեւ Մելքոնյանը, որն այսօր՝ մարտի 7-ին, մասնակցում էր «Դեմ եմ» նախաձեռնության Ֆինանսների նախարարության մոտ կազմակերպած Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային:

«Գովազդի համար ես կարող եմ սենց (խմբ. բութ մատը դեպի ներքեւ) նկարվեմ, որ իմ նկարը կպցնեն ու ցույց տան, որ պայքարում եմ, բայց ու՞ր են՝ չտեսա ես ոչ ոքի այստեղ շոու բիզնեսից»,- ասաց Տաթեւ Մելքոնյանը՝ նշելով, որ ինքն իրեն չի համարում շոու բիզնեսի ներկայացուցիչ:

Նրա խոսքով՝ եթե պետությունը այդքան մտածում է իր քաղաքացիների մասին, թող նրանց ներկան ապահովի, ոչ թե ապագան. «Ես պետք է իմ գրպանի տերը լինեմ, 40 տարի հետո ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու, ես եմ որոշում՝ ուզում եմ իմ  գումարը տնտեսել, թե ոչ»: